Եգիպտոսում կործանված ինքնաթիռի 3-ամյա զոհի դին հայտնաբերվել է աղետի վայրից 8 կմ հեռու
Լուսանկարը՝ Reuters-ի
Փրկարարները Սինայի թերակղզում կործանված ռուսական ինքնաթիռի աղետի վայրից 8 կմ հեռավորությամբ 3 տարեկան երեխայի դի են հայտնաբերել: Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է Եգիպտոսի բանակի մի սպա:
«Մենք երեք տարեկան աղջկա դի ենք գտել ինքնաթիռի կործանման վայրից 8 կմ հեռավորության վրա»,- ասել է սպան, որը մասնակցում է որոնողական աշխատանքներին: Նա նշել է, որ այս պահին փրկարարական աշխատանքների իրականացման գոտին ընդլայնվել է մինչև 15 կմ:
«Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը, որը երեկ թռել էր Շարմ էլ-Շեյխից, կործանվել էր Սինայում: Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Բոլորը մահացել են:
Եգիպտոսի կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ զոհերից 163-ի մարմինները հայտնաբերվել են և ուղարկվել են Կահիրեի դիահերձարաններ:










