Պետերբուրգի իշխանություններն ավիաաղետի զոհերի ընտանիքներին 1-ական միլիոն ռուբլի կվճարեն
Սանկտ Պետերբուրգի կառավարությունը Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին մեկական միլիոն ռուբլի կվճարի, գրում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ գումար կստանան բոլոր ընտանիքները՝ անկախ բնակության վայրից: Բացի այդ, մեկական միլիոն կստանան անձնակազմի անդամների ընտանիքները։
Հաղորդագրությունում ասվում է, որ գումարը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Կոգալիմավիա» ավիաընկերությունը, որին պատկանում էր Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռը, կարծում է, որ А321 ինքնաթիռը կործանվել է արտաքին միջամտության հետևանքով:
Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է Սինայի թերակղզու օդային տարածքում` թռիչքից 23 րոպե անց։
Հայտնի է, որ 217 ուղևորով և 7 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը պայթել է օդում։










