Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Ալիևի կուսակցությունը. պատգամավոր է ընտրվել նաև երկրի առաջին տիկինը
Ադրբեջանում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը։
Ինչպես տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը, այդ մասին ասված է Ադրբեջանի ԿԸՀ-ի հրապարակած նախնական տեղեկություններում։
125 շրջաններից 71-ում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն։ Պատգամավոր է ընտրվել նաև Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան:
Իլհամ Ալիևի կինը երկրի Միլլի Մեջլիսում պատգամավոր է եղել նաև 2005 և 2010 թվականներին:
Անկախ թեկնածուներին հաջողվել է ընտրություններում հաղթել 42 շրջաններում: «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունից ընտրվել է 2 թեկնածու, իսկ 10 այլ կուսակցություններից՝ մեկական:
Ըստ նախնական տվյալների՝ ընտրողների ակտիվությունը կազմել է 55.7 տոկոս: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 2.89 մլն ընտրող:
Խորհրդարանի 125 տեղերի համար պայքարել են 767 թեկնածուներ: Ընտրություններին մասնակցել են 15 կուսակցությունների ներկայացուցիչներ, ևս 7 քաղաքական ուժեր միավորվել են «Ազադլըգ-2015» («Ազատություն-2015») բլոկում:
Ադրբեջանում ընտրելու իրավունք ունի մոտ 5.2 մլն մարդ: Քվեարկության օրը բաց է եղել ավելի քան 5.500 ընտրատեղամաս։










