Ադրբեջանի ընտրություններն անցել են ընդդիմության բոյկոտի ֆոնին. The Nation-ի անդրադարձը

14:47 • 02.11.15

Կիրակի օրը նավթով հարուստ Ադրբեջանում ընտրողները գնացին ընտրատեղամասեր՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, որոնք, ինչպես ակնկալվում էր, պետք է ամրապնդեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունը և որոնք բոյկոտել էին խոշոր ընդդիմադիր ուժերը, գրում է The Nation-ը։

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը։ Այդ մասին ասված է Ադրբեջանի ԿԸՀ-ի հրապարակած նախնական տեղեկություններում։ 125 շրջաններից 71-ում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն։ Պատգամավոր է ընտրվել նաև Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան:

 

Միջազգային իրավապաշտպան խմբերը դատապարտել են կիրակի օրվա ընտրություններն ու դրանք «ընտրությունների իմիտացիա» որակել՝ մեղադրելով երկրի իշխանություններին հորինված մեղադրանքներով քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալելու և կուսակցությունների՝ նախընտրական արշավ իրականացնելու հնարավորությունը սահմանափակելու համար։ Ինչպես նշում է կայքը, երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցությունները, ներառյալ՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, «Մուսավաթ» կուսակցությունը և Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցությունը, բոլորը բոյկոտել են ընտրությունները։

 

«Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հրաժարվում է մասնակցել ընտրությունների այս իմիտացիային և դրանով լեգիտիմացնել այն»,- հայտարարել էր քաղաքական դաշինքը։ «Երկիրը չունի անգամ ազատ և արդար ընտրությունների համար անհրաժեշտ պայմանների կեսը»,- ասվել էր տարածած հաղորդագրությունում։

 

Մեկ այլ խոշոր ընդդիմադիր կուսակցություն՝ «Հանրապետական այլընտրանքը» հայտարարել էր, որ չի ճանաչի ընտրությունների արդյունքները։

 

Կայքը հիշեցնում է, որ ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ չի ուղարկի դիտորդներ ընտրություններին, քանի որ Ադրբեջանի իշխանությունները սահմանափակումներ են դնում կազմակերպության դիտորդների թվի համար։

 

Նշվում է, որ Ադրբեջանում 2003 թվականին Ալիևի իշխանության գալուց ի վեր ոչ մի ընտրություն միջազգային դիտորդների կողմից ազատ և արդար չի ճանաչվել։

 

Կայքը գրում է նաև բանտարկված ընդդիմախոսների մասին և հիշեցնում, թե ինչ բռնաճնշումների են ենթարկվել Ադրբեջանում ընդդիմադիրներն ու ակտիվիստները։


Հանրային դժգոհության և քաղաքական անհամաձայնության ցանկացած դրսևորում արժանանում է իշխանությունների խիստ արձագանքին։

 

Կայքը նաև նշում է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ընկած երկիրը համարվում է կարևոր գործոն Արևմուտքի համար Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից նվազեցնելու հարցում։