ԱՄՆ-ն կպատասխանի համաշխարհային օվկիանոսում Ռուսաստանի ռազմական ներկայության աճին. ամերիկացի պաշտոնյա
ԱՄՆ-ն պատասխան է պատրաստում համաշխարհային օվկիանոսում Ռուսաստանի ռազմածովային ուժերի ներկայության աճին։ Այդ մասին հայտարարել է ամերիկյան ռազմածովային ուժերի ղեկավար ադմիրալ Ջոն Ռիչարդսոնը, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ ռազմական հրամանատարությանն անհրաժեշտ է ուժերն այնպես բաշխել, որ «ճիշտ հավասարակշռությունը» և բավականաչափ ակտիվությունը պահպանվի։
Ռիչարդսոնը նշել է, որ Պենտագոնի ուշադրությունն ուղղված է հատկապես ռուսական ռազմածովային ուժերի կողմից ստորջրյա հեռահաղորդակցության մալուխների հնարավոր ուսումնասիրությանը:
«Դա վտանգ է ներկայացնում ողջ տեղեկատվական համակարգին և ունի կարևոր նշանակություն բարեկեցության և անվտանգության առումով»,- ընդգծել է ամերիկացի ադմիրալը:
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարը ծովերում և օվկիանոսներում ռուսական ռազմական նավերի ավելացումը բացատրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փորձով՝ ուժեղացնել իր ազդեցությունը կարևոր միջազգային հարցերի լուծման գործում։










