Բելառուսի նոր ռազմական դոկտրինում ռուսական ռազմաբազան չի ներառվի. Независимая газета
Բելառուսը նոր ռազմական դոկտրին է մշակում, որն ուղղված է ազգային շահերին: Փորձագետները տեսնում են դրա կապը սեփական տարածքում ռուսական ավիաբազա տեղակայելու Մինսկի ցանկության բացակայության հետ, գրում է Независимая газета-ն:
Ռազմական նոր դոկտրինի նախագիծն արդեն պատրաստ է, ու մինչև տարվա վերջ այն պետք է քննարկի անվտանգության խորհուրդը: Այդ մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով զինված ուժերի հրամանատարական կազմի օպերատիվ հավաքին: Այդ թեմայով հանդես գալով՝ նա հիշեցրել է, որ ամրապնդելով ռազմական հզորությունը՝ Բելառուսն «ապահովում է ոչ միայն իր ինքնիշխանությունը», այլև համագործակցում է դաշնակիցների հետ «ռազմական ոլորտում զսպող մեխանիզմ» ստեղծելու համար:
«Այդ համագործակցության մեջ գլխավորն ազգային շահերը հաշվի առնելն է»,- ընդգծել է Լուկաշենկոն: Մասնավորապես՝ Բելառուսի նախագահն «իմաստ չի տեսնում» ներքաշվել «արևմտյան և արևելյան հարևանների մկաններով խաղի» և ռուս-ուկրաինական հակամարտության մեջ:
«Մեզ համար չափազանց կարևոր է քաղաքական-դիվանագիտական մակարդակում պահպանել Մոսկվայի և Կիևի հետ հարաբերությունների հավասարակշռությունը: Իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում մենք չպետք է ներքաշվենք նրանց հակամարտության մեջ»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Փորձագետները նշում են, որ ռազմական նոր դոկտրինը մշակվում է այն ժամանակ, երբ պետության համար նոր վտանգներ են հայտնվում: Ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինի կարծիքով՝ այն, որ Լուկաշենկոն վտանգ է տեսնում Ռուսաստանի կողմից, ցույց է տալիս Բելառուսում ռուսական ավիաբազայի տեղակայման հետ կապված իր դիրքորոշման փոփոխությունը: Նա հիշեցնում է, որ դեռ 2013 թվականին Լուկաշենկոն համաձայն էր Բելառուսում բազա տեղակայել:
Խոսելով զինված ուժերի հրամանատարային կազմի հետ ռազմական անվտանգության մասին՝ Բելառուսի նախագահն անդրադարձել է նաև այդ թեմային: «Ռազմական տեսանկյունից ռուսական ավիաբազայի տեղակայումը Բելառուսի տարածքում պետք չէ ո՛չ բելառուսական, ո՛չ ռուսական կողմին»,- հայտարարել է նա: Բելառուսի նախագահը կարծում է, որ խաղաղ պայմաններում անվտանգության ապահովման համար հարկավոր են ՀՕՊ ուժերը, որոնք բաղկացած են ռուսական և բելառուսական անձնակազմերից:
Բելառուսում ռուսական ավիաբազա տեղակայելու ցանկության բացակայության պատճառներից, մեկը փորձագետների կարծիքով, Մինսկի և Բրյուսելի միջև փխրուն երկխոսությունը չկոտրելու ձգտումն է: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, անցած շաբաթ ԵՄ-ն հաստատել է չորս ամսով Բելառուսի նկատմամբ իր պատժամիջոցները դադարեցնելու որոշումը:










