Անպտղության ցուցանիշը Հայաստանում պարբերաբար փոխվում է. Գեորգի Պողոսյան
Հայաստանում անպտղության ցուցանիշը պարբերաբար փոփոխվում է՝ կապված մարդկանց սոցիալական վիճակից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը՝ նշելով, որ երբ մարդկանց կյանքի պայմանները բարելավվում են, դիմում են բժշկի, հակառակ դեպքում չեն դիմում։
«Հենց դիմելիությունից կախված էլ մենք անպտղության տարբեր ցուցանիշներ ենք ունենում, մեկ նվազում է, մեկ բարձրանում։ Այսինքն՝ մենք հստակ չենք կարող ասել, թե որքան է կազմում երկրում անպտղությունը, քանի որ հիմնվում ենք միայն բժշկի դիմողների քանակի վրա»,- ասաց նա։
Խոսելով Հայաստանում անպտղության հիմնական պատճառների մասին՝ Գեորգի Պողոսյանը նշեց, որ դրանք հիմնականում պայմանավորված են ինֆեկցիոն հիվանդություններով, էնդոկրին խախտումներով, ի ծնե ֆիզիոլոգիական արատներով։
«Նախկինում կանանց մոտ շատ էին փողային ստրուկտուրայով պայմանավորված անպտղությունը, հիմա շատ են սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները։ Երբ մինչ ամուսնությունը զույգերը գալիս են ուղղակի ստուգվելու, շատ եմ ուրախանում, ես նույնիսկ թույլ չեմ տալիս, որ նրանք վճարեն, միայն թե այդ մշակույթը տարածվի։ Հենց այսպես միայն կարելի է շատ հիվանդություններ կանխել և թույլ չտալ, որ մեկը մյուսին վարակի»,- ասաց նա։
Գինեկոլոգը նշեց, որ անպտղությունը հիմնականում՝ 55% դեպքերում կապված է կանանց հետ, 45% դեպքերում՝ տղամարդկանց։
«Հիմնականում անպտղությունը հանդիպում է 25-40 տարեկան կանանց տարիքային խմբում։ Հայաստանում կիրառվում են այն բոլոր մեթոդները անպտղության բուժման, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում՝ բացառությամբ մի քանի չափազանց թանկարժեք մեթոդների, որոնց հնարավորությունը Հայաստանում չկա»,- ասաց նա։










