Ռուսական A321-ի կործանման ամենահավանական պատճառն ինքնաթիռի ներսում պայթյունն է. Stratfor
Ամերիկյան հետախուզա-վերլուծական Stratfor գործակալությունը Եգիպտոսում ռուսական A321 ինքնաթիռի կործանման ամենահավանական պատճառ է համարում ինքնաթիռի ներսում պայթուցիկ սարքի պայթյունը։ Պայթուցիկը կարող էր լինել կամ ուղևորների շրջանում մահապարտի մոտ, կամ թաքցված լինել բեռնախցիկում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Գործակալության զեկույցում նշվում է, որ Սինայի թերակղզում ինքնաթիռի կործանման այլ վարկածները նույնպես դեռ բացառված չեն, բայց դրանք առավել քիչ հավանական են։
«Հաշվի առնելով այլընտրանքային սցենարների քիչ հավանականությունը՝ թվում է, որ ինքնաթիռի ընկնելու ամենահավանական բացատրությունն ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայությունն է»,- կարծում են Stratfor-ի մասնագետները։
Stratfor-ի վերլուծաբանների տվյալներով՝ Շարմ էլ Շեյխի օդանավակայանը, որտեղից թռիչք է իրականացրել ռուսական ինքնաթիռը, չունի հուսալի անվտանգության համակարգ, և չարագործներից մեծ ջանք չէր պահանջվի պայթուցիկ սարք անցկացնել։
Հեղինակների կարծիքով՝ ինքնաթիռի կործանման բնույթը համապատասխանում է պայթյունի մասին վարկածին. ինքնաթիռը սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը՝ մաս-մաս քանդվելով։
Միևնույն ժամանակ, զեկույցի հեղինակները նշում են, որ մինչ այժմ ոչ մի հաղորդագրություն չի ստացվել այն մասին, որ А3210-ի բեկորներում հայտնաբերվել են պայթուցիկ սարքերի հետքեր։
Հիշեցնենք. Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է Սինայի թերակղզու օդային տարածքում` թռիչքից 23 րոպե անց։ Հայտնի է, որ 217 ուղևորով և 7 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը պայթել է օդում։










