Սանկտ Պետերբուրգ է ժամանել Եգիպտոսում ավիավթարի զոհերի մարմինները տեղափոխող երկրորդ ինքնաթիռը
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում լուսադեմին վայրէջք է կատարել Եգիպտոսում ինքնաթիռի վթարի հետևանքով մահացածների մարմիններն ու անձնական իրերը տեղափոխող Ռուսաստանի ԱԻՆ-ի երկրորդ ինքնաթիռը, գրում է РИА Новости-ն:
Մահացածների մարմիններով ԱԻՆ-ի առաջին ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ էր ժամանել նոյեմբերի 2-ի վաղ առավոտյան: Սանկտ Պետերբուրգ է հասցվել մահացածների ավելի քան 130 մարմին և մարմնի ավելի քան 40 մաս: Միևնույն օրը սկսվել է մահացածների ինքնության պարզումը։
Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է Սինայի թերակղզու օդային տարածքում` թռիչքից 23 րոպե անց։ Հայտնի է, որ 217 ուղևորով և 7 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը պայթել է օդում։










