97-ամյա ամերիկուհուն միջնակարգ կրթության դիպլոմ են հանձնել (լուսանկարներ)
Ամերիկյան Միչիգան նահանգի բնակչուհի Մարգարեթ Թոմ Բիքեմը 97 տարեկան հասակում Գրանդ-Ռապիդս քաղաքի կաթոլիկ Կենտրոնական միջնակարգ դպրոցի 1936 թվականի շրջանավարտի դիպլոմ է ստացել։ Տարիներ առաջ նա ստիպված է եղել թողնել կրթությունն իր ընտանիքին օգնելու համար, գրում է lenta.ru-ն։
Միջոցառումը տեղի է ունեցել Յորքշիր և Սթոունբրիջ կալվածքում՝ ծերանոցում, որտեղ այժմ ապրում է Մարգարեթը։
Հուզվելով իր ընտանիքի և ընկերների ներկայությամբ՝ Մարգարեթը շնորհակալություն է հայտնել դպրոցի պաշտոնատար անձանց և նշել է, որ կրթությունը թողնելու որոշումը նա դժվարությամբ է կայացրել։
«Դուք չեք պատկերացնում՝ ինչ դժվար էր դա։ Ես սիրում էի դպրոցը, ես այնտեղ շատ ընկերներ ունեի»,- պատմել է ծեր կինը:
Հոգևորական Գրեգ Դեժի խոսքով՝ «երբ Բիքեմը թողել է դպրոցը, նրա սիրտը կոտրվել է, և այդ արարողությունը թույլ է տվել նրան մասամբ բուժել այն»:
Բիքեմը դպրոցից հեռացել է 17 տարեկանում՝ քաղցկեղով հիվանդ մոր կողքին լինելու համար: Նրա մահից հետո նա հոգ է տարել երեք փոքր երեխաների մասին, իսկ այնուհետև 17 տարի աշխատել որպես ուսուցիչ եկեղեցում: Պարապմունքների հաճախելու ժամանակ նա չի ունեցել, սակայն երբեք չի կորցրել կրթությունն ավարտելու հույսը։
2015 թվականին Բիքեմի եղբայրներից մեկի դուստրը դիմել է դպրոց և պատմել կնոջ պատմությունը: Ուսումնական հաստատության ներկայացուցիչները որոշել են կատարել կնոջ երազանքը։












