Օրենսդիրների կարծիքները Քեմերոնին ստիպել են հրաժարվել Սիրիայում օդային հարվածներ հասցնելուց
Բրիտանացի օրենսդիրների տեսակետներն անհնար են դարձնում Միացյալ Թագավորության զինված ուժերի մասնակցության ընդլայնումը Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» դեմ պայքարի համար:
Երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը կողմ էր, որ Իրաքում ԻՊ-ի դիրքերը ռմբակոծելուց բացի գործողություն իրականացվեր նաև Սիրիայի տարածքում: Սակայն դրա համար նախ պետք է խորհրդարանի հաստատումը:
Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Պահպանողական կուսակցությունից Քեմերոնի գործընկեր Քրիսփին Բլանթը հայտարարել է, որ իրեն մտահոգում է այն, որ նման որոշում կարող է կայացվել ԻՊ-ի դեմ հաղթանակի պլան և քաղաքացիական պատերազմն ավարտին հասցնելու ծրագիր չունենալու պարագայում։
Նրա խոսքով՝ նման գործողությունները ռազմական ոլորտում որոշիչ չեն լինելու:
Կոմիտեի հրապարակած զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի միջամտությունը հակամարտությանն ու աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին «ավելի է դժվարացրել Բրիտանիայի ենթադրյալ քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ»:
Օրենսդիրների կարծիքով՝ առանց «համաձայնեցված միջազգային ռազմավարության», որն ուղղված կլինի Սիրիայում քաղաքացիական պատերազմն ավարտելուն, դա իմաստ չի ունենա։










