Տուլայում ավտոբուսի վթարից փրկված հայերը պատմել են վթարի մասին. НТВ-ի ռեպորտաժը (տեսանյութ)

16:04 • 03.11.15

ՌԴ Տուլայի մարզում պարզում են խոշոր ավտովթարի հանգամանքները։ Այս գիշեր Մոսկվայից Երևան մեկնող ավտոբուսը վթարի էր ենթարկվել։ Զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 47-ը։

 

Ռուսական НТВ հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում նշվում է, որ բոլոր ուղևորները եղել են ՀՀ քաղաքացիներ։

 

Քննիչները դիտարկում են ողբերգության երկու հիմնական վարկած. տեխնիկական անսարքությունը կամ մարդկային գործոնը։ Չի բացառվում, որ վարորդը կարող է քնած լինել ղեկին։

 

Նաև հայտնի է, որ երկու վարորդները, որոնք պետք է փոխարինեին միմյանց, լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Նրանց այժմ հարցաքննում են։

 

Տուժածները, որոնք ծանր վիճակում են, տեղափոխվել են Ուզլովայա քաղաքի հիվանդանոց։ 5 մարդ վերակենդանացման բաժանմունքում է, 10-ը՝ վնասվածքաբանական, ևս երկուսը՝ վիրաբուժական։

 

Վթարի պահին ուղևորներից շատերը քնած են եղել։ Այժմ մարդիկ պատմում են, թե ինչ է տեղի ունեցել անմիջապես այն բանից առաջ, երբ ավտոբուսը հարվածել է բետոնե մասին ու շրջվել։


«Ես քնած էի, արթնացա՝ ավտոբուսն արդեն կողքի էր շրջված։ Մեկը բղավում էր,  մյուսը՝ գոռում»,-պատմում է ավտոբուսի ուղևորներից մեկը։

 

Սկզբում հաղորդվում էր 7 զոհի մասին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հիվանդանոցում մահացել է ևս մի ուղևոր՝ 68-ամյա տղամարդ։ Նրա մոտ բազմաթիվ կոտրվածքներ ու գլխուղեղի վնասվածք էր ախտորոշվել։

 

Բժիշկներն այժմ աշխատում են կայունացնել տուժածներից 5-ի վիճակը, որոնք ամենալուրջ վնասվածքներն են ստացել։ Չի բացառվում, որ առաջիկայում նրանք ուղղաթիռներով կտեղափոխվեն մայրաքաղաքի կլինիկաներ։ Նրանք, ում բուժօգնություն պետք չի եղել, տեղափոխվել են ժամանակավոր կացարան՝ կինոթատրոնի շենքում։

 

Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի հատկանիշներով. «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում»։ Այդ հոդվածը մինչև 7 տարվա ազատազրկում է նախատեսում։

Տուլայում ավտոբուսի վթարից փրկված հայերը պատմել են վթարի մասին. НТВ-ի ռեպորտաժը (տեսանյութ)