Ռուս պաշտոնյաները Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառի երկու վարկած են դիտարկում
ՌԴ Ներքին գործերի նախարարության Տուլայի շրջանային վարչությունում երկու վարկած են դիտարկում, որոնք կարող էին Տուլայի տարածաշրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ընթացող ուղևորատար ավտոբուսի վթարի պատճառ դառնալ, գրում է interfax.ru-ն։
«Այժմ դիտարկվում է ՃՏՊ-ի երկու առավելապես հնարավոր պատճառ՝ վարորդը քնել է ղեկին և տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը»,- interfax.ru-ին հայտնել է Ներքին գործերի նախարարության շրջանային վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցևը։
Նա հավելել է, որ վթարը տեղի է ունեցել մոսկովյան ժամանակով ժամը 2:10-ին, «Դոն» դաշնային ճանապարհի 221-րդ կիլոմետրին։
Interfax.ru-ի հաղորդմամբ՝ Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևը ցավակցություն է հայտնել վթարի հետևանքով մահացածների հարազատներին և մտերիմներին: Նրա խոսքով՝ վիրավորների թիվը 47 է։
Նրա խոսքով՝ ավտովթարի վայրում աշխատել է շտապօգնության 13 ջոկատ: Տուլայի բժիշկները տրամադրում են ողջ անհրաժեշտ օգնությունը: Հաղորդվում է նաև, որ բոլոր վիրավորներն ուղարկվել են Ուզլովայա, Կիրեևսկ և Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։
Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ը հրապարակել է Տուլայի տարածաշրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների անունները:
Ժամը 10.00-ի դրությամբ պարզվել է, որ Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 33-ը հոսպիտալացվել են տարածաշրջանային բժշկական կենտրոններ:










