ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանում ընտրությունների կապակցությամբ ստեղծված իրավիճակով. Պետդեպի ներկայացուցիչ

10:16 • 03.11.15

ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանում նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ստեղծված իրավիճակով, հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն, փոխանցում է РИА Новости-ն:

 

«Մենք ցավում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը թույլ չի տվել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին (ODIHR) անհրաժեշտ քանակությամբ դիտորդներ ուղարկել, ինչի արդյունքում կառույցը չի կարողացել հետևել ընտրություններին։ Առանց դրա մենք չենք կարող ասել` հասե՞լ է Ադրբեջանն առաջընթացի նախորդ խորհրդատվությունների հիման վրա ընտրություններ անցկացնելու առումով: Այդ խորհրդատվություններում նշվել էին քաղաքացիական հիմնարար ազատությունների սահմանափակումները և խնդիրները լուծելու ուղիները»,- հայտարարել է Թրյուդոն:

 

Նրա խոսքով ` իրենք դեռևս անհանգստացած են նրանով, որ Ադրբեջանում տիրում է քաղաքական սահմանափակումների մթնոլորտը և կոչ են անում կառավարությանը հարգել խաղաղ ցույցերի ազատությունը և անկախ կարծիքները, ներառյալ` ԶԼՄ-ների, ինչը Ադրբեջանի միջազգային պարտավորությունների մի մասն է, ինչպես նաև կոչ են անում աշխատել ԵԱՀԿ-ի և ԺՀՄԻԳ-ի հետ։

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը։ Այդ մասին ասված է Ադրբեջանի ԿԸՀ-ի հրապարակած նախնական տեղեկություններում։ 125 շրջաններից 71-ում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն։ Պատգամավոր է ընտրվել նաև Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: