ԱՄՆ-ն քննադատել է Թուրքիային նախընտրական քարոզարշավի ժամանակ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների համար
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, հետևելով իրավապաշտպան կազմակերպություններին, քննադատել է Թուրքիային նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների նկատմամբ վերաբերմունքի համար:
«Մենք խորապես ահանգստացած ենք, որ լրատվամիջոցները և առանձին լրագրողներ, որոնք քննադատաբար են տրամադրված կառավարության հանդեպ, ենթարկվել են ճնշման և սպառնալիքների նախընտրական քարոզարշավի ժամանակ»,- նշել է Էռնեստը:
Պաշտոնյան նշել է, որ իրենք հրապարակայնորեն և մասնավոր կերպով արտահայտել են իրենց անհանգստությունը Թուրքիայում մամուլի, խոսքի և հանրահավաքների ազատության վերաբերյալ: Նա նաև կոչ է արել Անկարային հետևել միջազգային ժողովրդավարական արժեքներին, փոխանցում է РИА Новости-ն:
Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարել էին, որ իշխանությունը Թուրքիայում ճնշել է ԶԼՄ-ներին ընտրություններից առաջ: Մասնավորապես՝ քննադատությունը եղել է Վիեննայում Մամուլի միջազգային ինստիտուտից և Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության հանձնաժողովից, ինչպես նաև ԵԱՀԿ դիտորդներից:
Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կուսակցության հաղթանակով:
Հունիսի 7-ի ընտրություններում միայնակ կառավարություն ձևավորել չկարողացած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ընտրությունների արդյունքում կարողացել է նվաճել կառավարություն ձևավորելու իրավունքը։ ԱԶԿ-ն ստացել է ընտրողների ձայների ավելի քան 49%-ն ու խորհրդարանում կունենա 317 մանդատ։










