Մոսկվա-Երևան ավտոբուսի ուղևորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, որոշվում է զոհերի մարմինները ՀՀ տեղափոխելու հարցը

10:01 • 04.11.15

Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի տուժածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն 9-րդ զոհ չկա: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը։

 

«Վերակենդանացման բաժնում են գտնվում երկու հոգի, բայց երեկ գիշերվա տվյալներով` բժիշկներն ասացին, որ պետք է սպասել»,-տեղեկացրեց ՏԿԱԻՆ ներկայացուցիչը:

 

Հիշեցնենք, որ Իզլովայա ԲԿ-ում գտնվող 16 տուժածից 6-ը վերակենդանացման բաժանմունքում են, 2-ը՝ վիրաբուժական և 8-ը՝ վնասվածքաբանական, Կիրեևսկի ԲԿ-ում գտնվող 13 տուժածից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մյուսները՝ վնասվածքաբանական: Իսկ Նոմոսկովսկի ԲԿ-ում ստացիոնար բուժում են ստանում երեք անձ:

 


Մոսկվայի ժամանակով ժամը 9-ին կկայանա միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կորոշվի` արդյո՞ք այսօր Հայաստան կտեղափոխվեն Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի 8 զոհերի մարմինները:
 

Հիշեցնենք, որ Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի.


1. Հակոբ Ալիխանյան Լյուդվիգի (ծնվ. 1960թ.),
2. Հայկ Ժորայի Հովհաննիսյան,
3. Հրաչ Արտավազդի Բադալյան (ծնվ. 1981թ.),
4. Գագիկ Արմենակի Մանուկյան  (ծնվ. 1961թ.),
5. Վարուժ Ստեփանի Ստեփանյան (ծնվ. 1954թ.),
6. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947թ.),
7. Գառնիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961թ.),
8. Արտաշես Ավետիքի Հովհաննիսյան (ծնվ. 1980թ.):
 

Ըստ Արտակ Ղազարյանի` զոհերի ու տուժածների հարազատներից ոմանք գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Վթարի պատճառների նախնական վարկածներից և ոչ մեկը դեռ չի հաստատվել։

 

«Քննիչները աշխատում են, դեռ ոչ մի բան հաստատված չէ»,-ասաց Արտակ Ղազարյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ավտոբուսի վարորդը այժմ գտնվում է բերման ենթարկվածի կարգավիճակում:

 

Ի պատասխան հարցի, թե «Քինգ դե Լյուքս» ընկերությունը, որին, ըստ տեղեկությունների, պատկանում է ավտոբուսը, պատրաստվո՞ւմ է փոխհատուցում տալ, ՏԿԱԻՆ ներկայացուցիչն ասաց. «Իրենց կողմից չգիտեմ, բայց «Ռուսաստանի հայերի միությունը» նախատեսում է փոխահատուցում տալ ինչպես զոհերի ընտանիքներին, այնպես էլ տուժածներին»:

 

 

Մոսկվա-Երևան ավտոբուսի ուղևորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, որոշվում է զոհերի մարմինները ՀՀ տեղափոխելու հարցը