Ռուսաստանը քարոզչության համար տարեկան 1,4 մլրդ դոլար է ծախսում. Պետդեպ

10:46 • 04.11.15

Ամեն տարի Ռուսաստանի Դաշնությունը 1,4 միլիարդ դոլար է ծախսում քարոզչության իր համակարգի աշխատանքն ապահովելու համար՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ ողջ աշխարհում: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բենջամին Զիֆը, գրում է korrespondent.net-ը։

 

«Մենք բոլորս լսել ենք Կրեմլի հայտնի երգերն այն մասին, թե Ուկրաինայում ռուս զինվորներ չկան, որ Ուկրաինան փլուզման եզրին է»,- նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

 

Չնայած նրան, որ նման պնդումներից շատերը կարելի է հեշտությամբ հերքել, «դրանց շուրջօրյա կրկնումը նպատակ ունի կասկած սերմանել, անհստակություն, ինչպես նաև հարցեր առաջացնել ակնհայտ և պարզ ճշմարտությունների մասին», ընդգծել է Զիֆը:

 

«Կրեմլն այդ ջանքերի համար տարեկան 1,4 միլիարդ դոլար է հատկացնում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմաններից դուրս քարոզչամեքենայի համապարփակ աշխատանքն ապահովելու համար: Պնդումների համաձայն՝ այն ներառում է 600 միլիոն մարդ 130 երկրում՝ 30 լեզուներով»,- նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

 

Բացի այդ, նրա խոսքով, ռուսական կառավարությունն օգտագործում է հարևան երկրներում իր կողմից ստեղծված վերլուծական հաստատությունները և ոչ կառավարական կազմակերպությունները «Կրեմլի սուտ վարկածներն առաջ տանելու սեփական նպատակներին հասնելու համար»՝ Արևմուտքը որպես վտանգ պատկերելով, վստահությունը թուլացնելով անկախ ԶԼՄ-ների, ինչպես նաև արևմտյան ինստիտուտների և արժեքների նկատմամբ։

 

Ռուսաստանը քարոզչության համար տարեկան 1,4 մլրդ դոլար է ծախսում. Պետդեպ