Ռումինիայում բողոքի ցույցերի ֆոնին վարչապետ Վիկտոր Պոնտան հրաժարական է տալիս
Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան հրաժարական է տալիս, գրում է gazeta.ru-ն։
Հրաժարականի մասին որոշումը կայացվել է Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում հրդեհի դեպքին հաջորդած՝ իշխանությունների հրաժարականի պահանջով զանգվածային ցույցերից հետո։
«Վիկտոր Պոնտան հրաժարվում է իր մանդատից։ Ինչ-որ մեկը պետք է ստանձնի տեղի ունեցածի պատասխանատվությունը: Դա լուրջ գործ է, և մենք խոստանում ենք իրավիճակի արագ լուծում»,- հայտարարել է իշխող կուսակցության ղեկավարը։
Նախօրեին ավելի քան 10 հազար մարդ է մասնակցել հանրահավաքին՝ պահանջելով երկրի վարչապետ Վիկտոր Պոնտայի, արտգործնախարար Գաբրիել Օպրայի և շրջանի, որտեղ եղել է ակումբը, ղեկավարի հրաժարականը։
Colectiv գիշերային ակումբում հրդեհը տեղի էր ունեցել շաբաթ օրվա գիշերը՝ հոկտեմբերի 31-ին, հրավառության շոուի ժամանակ, մարդիկ չէին կարողացել դուրս գալ այրվող շենքից հրմշտոցի և միայն մեկ բաց մուտքի պատճառով։










