Շուրջ 31 մլն դոլար. Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավորի «գաղտնի» կինը փոխհատուցում կստանա նրա ընտանիքից

12:06 • 04.11.15

Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավոր Ֆահդի «գաղտնի» կինը` 68-ամյա Ջանան Հարբը, ով 1968թ. գաղտնի ամուսնացել ու 20 տարի շարունակ ապրել է միապետի հետ, դիմել է Լոնդոնի բարձր դատարան` թագավորական ընտանիքից փոխհատուցում ստանալու հայցով։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, հայցվորի պնդմամբ՝ միապետ Ֆահդի ընտանիքը խոստացել է մինչև կյանքի վերջ հոգ տանել իր մասին։ Մինչդեռ թագավորական ընտանիքը նշում է, որ Հարբը երբևէ պաշտոնապես ամուսնացած չի եղել արքայի հետ և, ըստ այդմ, իրենք այդ կնոջը ոչինչ պարտական չեն։

 

Այնուհանդերձ, դատարանը վճիռը կայացրել է հօգուտ Հարբի։ Այժմ հանգուցյալի որդին` արքայազն Աբդուլ Ազիզը, պարտավոր է 30.840.000 դոլար փոխհատուցել Հարբին` տարիներ շարունակ նրան առանց ֆինանսավորման թողնելու համար:

 

«Ես անչափ երջանիկ եմ։ Վերջապես 12 տարվա զրկանքներից հետո վերականգնվեց արդարությունը: Ես շատ գոհ եմ բրիտանական արդարադատությունից, եթե այս ամենը տեղի ունենար Սաուդյան Արաբիայում, ինձ պարզապես հրապարակայնորեն կքարկոծեին և վերջ»,-ասել է կինը։ Նա նաև հավելել է, որ սաուդյան արքայազնը պետք է հարգի իր հանգուցյալ հոր կամքն ու հնարավորինս շուտ իրականացնի փոխհատուցումը։