Ռուսաստանի հայերի միությունը Տուլայի մարզում ավտովթարի առնչությամբ շտաբ է բացել

11:41 • 04.11.15

Ռուսաստանի հայերի միությունը խորապես ցավում է նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել ու վիրավորվել են Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի տասնյակ ուղևորներ։

 

Միությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար դեպքի վայրում աշխատում է Ռուսաստանի հայերի միության շտաբը։

 

«Ռուսաստանի հայերի միությունը սերտորեն համագործակցում է ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչների ու ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան հետ, անհրաժեշտ գործողություններ է ձեռնարկում տուժածների հարազատներին օգնելու համար։

 

Մասնավորապես՝ կապ է հաստատվել զոհերի հարազատների հետ, նրանց օժանդակում են զոհերի մարմինները հայրենիք հասցնելու գործում։ Վիրավորներին բուժօգնություն է ցուցաբերվում, իսկ մնացած ուղևորները տեղավորվել են հյուրանոցում և անհրաժեշտության դեպքում կուղարկվեն Հայաստան»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Միության շտաբի ներկայացուցչի հեռախոսահամարը՝ +79109488271։ 

 

Հիշեցնենք, որ Տուլայի շրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է ՀՀ 8 քաղաքացի։