«Կոգալիմավիա» ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր A321 ինքնաթիռների շահագործումը
«Կոգալիմավիա» ավիաընկերությունը ՌԴ տրանսպորտի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոստրանսնադզոր» ծառայությանն է փոխանցել բոլոր A321 ինքնաթիռների շահագործման դադարեցման մասին հրամանը, որը կգործի ավիաընկերությունում լրացուցիչ ստուգումների ժամանակ։
«Նշված ժամկետներում ավիաընկերությունը «Ռոստրանսնադզոր»-ին է ներկայացրել A321 օդանավերի շահագործման դադարեցման մասին հրամանը` լրացուցիչ ստուգումների և ուղղիչ միջոցառումների ժամանակահատվածում»,- հայտնել են գերատեսչությունից։
«Կոգալիմավիա» ընկերության ինքնաթիռները լիզինգով վերցված են Իռլանդիայից, գրանցված են այդ երկրի տարածքում և պետք է տեխնիկական ստուգում անցնեն այն կազմակերպություններում, որոնք հաստատված են Անվտանգության հարցերով եվրոպական գործակալության կողմից, գրում է РИА Новости-ն։
Հիշեցնենք, որ այդ ավիաընկերության օդանավը հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնելիս կործանվել էր Սինայի թերակղզում։ Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։










