Կրեմլում A321-ի կործանման մասին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի վարկածները «շահարկում» են որակել
Եգիպտոսում ռուսական А321 ինքնաթիռի կործանման պատճառների մասին վարկածներ կարող է առաջ քաշել միայն քննությունը, մնացածը չստուգված տեղեկություններ ու շահարկումներ են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է gazeta.ru-ն։
«Մենք ավելի վաղ ասել ենք և այժմ դարձյալ կրկնում ենք. տեղի ունեցածի մասին որևէ վարկած կարող է առաջ քաշել միայն քննությունը։ Քննությունը դեռ որևէ հայտարարություն չի արել։ Այժմ ցանկացած ենթադրություն, այսպես ասենք, կարող է սխալ տեղեկատվության կամ շահարկումների բնույթ ունենալ»,-ասել է Պեսկովը։
«Եթե կան ինչ-որ լուրջ տվյալներ, ապա մենք, անխոս, հույս ունենք, որ նրանք, ովքեր տիրապետում են այդ տվյալներին, դրանք կներկայացնեն քննությանը»,-ասել է նա։
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել ժամանակից շուտ աղետի պատճառների մասին վարկածներ առաջ չքաշել։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել էր, թե «լուրջ հավանականություն կա», որ ռուսական ինքնաթիռում պայթուցիկ սարք է եղել։
CNN հեռուստաալիքն էլ, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Եգիպտոսում A321 ռուսական ինքնաթիռի կործանման պատճառը մեծ հավանականությամբ կարող է լինել պայթուցիկ սարքը։ Նշվել էր, որ հետախուզությունը պաշտոնական եզրակացությունների դեռ չի հանգել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանած ինքնաթիռը կործանվել էր Սինայի թերակղզում։ Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։










