Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդի հարազատները կարծում են, որ նա հոգնած ու քնած չի եղել վթարի ժամանակ
Մոսկվա–Երևան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի հարազատները վստահ են, որ նա ո’չ հոգնած է եղել, ո’չ էլ կարող էր դեպքի ժամանակ ղեկին քնել:
Tert.am-ի հետ զրույցում վարորդի քույրը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց.«Եվ եթե տեխնիկական միջոցներին ծանոթ լինեիք, կիմանայիք, որ որևէ վարորդ, որը մեքենայի ղեկին մնում է 1.5-2 ժամ, չի կարող մեքենայի ղեկին քնել: Ես հակված չեմ մտածել, որ քնել է, ավելին` բացառում եմ, ինչը բացառեցին նաև իրենց («Կինգ Դելյուքս»–ի Tert.am) վարորդները»:
Վարորդի քույրը հավելեց, որ եղբայրը 20-ից ավելի մեքենա չէր վարել և այդ օրն առաջին անգամ էր դուրս եկել աշխատանքի, հետևաբար, չէր կարող հոգնած լինել:
Հիշեցնենք, որ Տուլայի դատարանը նոյեմբերի 4-ին կալանքի տակ է վերցրել «Մոսկվա-Երևան» ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին:
Ի պատասխան հարցի, թե ինչու կապ չեն հաստատել ՌԴ-ում գտնվող ՀՀ դեսպանատան հետ, վարորդի քույրն ասաց.«Որևէ խնդիր Ռուսաստանում ՀՀ դեսպանատան հետ կապ հաստատելու մենք չենք տեսնում, անհրաժեշտ ենք համարում անել այն, ինչ ճիշտ ենք համարում»:
Նշենք, որ Գառնիկ Հարությունյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղից է: Tert.am-ը զրուցեց Արամուսի գյուղապետ Հրայր Նիկողոսյանի հետ, ով նրան բնութագրեց որպես «լավ, հոյակապ,հանգիստ, ժողովրդի համար մտածող տղա»:
Նշենք, որ Գառնիկ Հարությունյանը ամուսնացած է, ունի բանակում ծառայող երկու որդի, տարեց ծնողներ:










