Ապացույցները մատնանշում են ԻՊ-ի մեղավորությունը A321 օդանավի կործանման գործում. ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի` ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլի հայտարարությամբ` ներկայում առկա ապացույցները մատնանշում են, որ ռուսական A321 օդանավի կործանման պատճառը «Իսլամական պետություն» խմբավորման հարձակումն է եղել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով ամերիկյան Fox News հեռուստաալիքը:
«Կարծում եմ` ամենահավանական տարբերակը, որը և մատնանշում են բոլոր նշանները, ԻՊ-ի հարձակումն է ինքնաթիռում պայթուցիկի տեղադրմամբ», - աղբյուրը մեջբերում է կոնգրեսականի խոսքը:
Միևնույն ժամանակ գործիչը նշել է, որ մյուս տարբերակները ևս բացառել չի կարելի:
Հիշեցնենք, որ նախօրեին Բրիտանիայի իշխանությունները ևս նման կարծիք էին հայտնել` նշելով, որ տարբեր աղբյուրներից հավաքված տեղեկության համաձայն` ռուսական օդանավի ավիավթարը տեղի է ունեցել ինքնաթիռում տեղադրված պայթուցիկի գործարկմամբ:










