Բրիտանացուն աշխատանքից ազատել են Facebook-ում «լայքի» պատճառով

14:40 • 05.11.15

Բրիտանացի Թրոյ Գարորդը, որը 2011 թվականից աշխատել է Bertrams Book ընկերությունում, ազատվել է  աշխատանքից այն բանից հետո, երբ Facebook-ում «լայքել» է վերնահագուստի լուսանկարը, որի վրա գայլերի ոհմակ է պատկերված եղել։

 

Լուսանկարն արվել է ընկերության պահեստում ու համացանցում է տեղադրվել Գարորդի գործընկերոջ կողմից։

 

«Աստված իմ, ես արտասվում եմ… ես վստահ եմ, որ սա համապատասխան կլինի «գայլերով հագուստի երկրպագուների համար», հահահա»,-մակագրված է նկարը։

 

27-ամյա Գարորդը «լայք» է դրել լուսանկարի տակ այն ժամանակ, երբ նույնն արել էր արդեն 70 մարդ։

 

Նա պատմել է, որ իր գործընկերների մի մասն արդեն հավանել էր լուսանկարը, հետևաբար՝ ինքը չի մտածել, որ դրանում ինչ-որ սխալ բան կա։ Բացի այդ, տղամարդը չի իմացել, թե ում է պատկանել հագուստը։

 

Ղեկավարից ստացած էլեկտրոնային նամակում ասվել է, որ «անընդունելի լուսանկարը լայքելը» ծաղր է հագուստի սեփականատիրոջ հանդեպ։

 

«Ես չէի կարող դրան հավատալ, և ինձ ճնշված էի զգում»,- պատմել է բրիտանացին։ Ավելի շատ երիտասարդին զայրացրել է այն, որ 4.5 տարի աշխատելուց հետո իրեն ազատել են էլեկտրոնային փոստի միջոցով։ Տղան նշել է, որ «հոգի է դրել աշխատանքի մեջ ու ամեն օր հաճույքով է գնացել գործի»։

 

Բրիտանացին նշել է, որ աշխատանքն ու իր անձնական էջը սոցցանցում ընդհանուր ոչինչ չունեն, այդ պատճառով էլ չպետք է ազդեն միմյանց վրա։ Նա մարդկանց կոչ է արել զգույշ լինել իրենց գործընկերներին Facebook-ում «ընկերների ցանկում» ավելացնելու հարցում։

Բրիտանացուն աշխատանքից ազատել են Facebook-ում «լայքի» պատճառով