Հայաստանը գնում է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ճանապարհով. Կարեն Նազարյան

16:09 • 05.11.15

 

Եվրոպական ինտեգրման և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը հայտարարեց, թե ՀՀ-ն բազմիցս է նշել, որ շահագրգիռ է ԵՄ-ի հետ շարունակվեն ընդլայնվել երկխոսությունը՝ քաղաքական, տնտեսական և մշակութային այլ բնագավառներում:
 

«Այդ մասին են վկայում մեր ակտիվ փոխգործակցությունը երկկողմ մակարդակում, տարբեր ԵՄ անդամ երկրների հետ, այնպես էլ ԵՄ տարբեր կառույցների հետ շարունակվող աշխատանքը»,-ասաց նա: 

 

Կարեն Նազարյանը նշեց, որ ինչպես ՀՀ Նախագահի, այնպես էլ ՀՀ-ի ղեկավար պաշտոնատարների հետ հանդիպումների ընթացքում արձանագրվել է, որ չնայած վերջին տարիների ընթացքում աշխարհաքաղաքական վայրիվերումներին, ՀՀ-ԵՄ  հարաբերությունները զարգանում են կառուցողական հունով, առկա է երկուստեք քաղաքական կամք և հանձնառություն՝ այդ հարաբերությունների դինամիկան և ՀՀ-ում ժողովրդավարության գործընթացների հետագա խորացումը շարունակելու համար:


Ըստ Կարեն Նազարյանի՝ ամփոփվել են ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի շրջանակը, որի քննարկումները նախաձեռնվել էր մի քանի ամիս առաջ: «Ըստ նախնական գնահատականի ոլորտային համագործակցությանն առնչվող  գլուխների մեծ մասում և նաև արդարադատության բաժնում հնարավոր է պահպանել նախկինում ԵՄ-ի հետ բանակցված տեքստերը»,-ասաց նա։

 

Փոխնախարարը նշեց, որ ընդունվել է արդեն հռչակագիրը, որտեղ կարևորում է նաև ոլորտային համագործակցությունը՝ գիտության նաև ՓՄՁ-ների հարցում, ինչպես նաև ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր կնքելու հեռանկարների հարցում:
 

Կարեն Նազարյանը նաև նշեց, որ հռչակագրում նաև հղում է արվում վիզաների ազատականացման առաջիկայում ձեռնարկվելիք քայլերին: 


«Այսինքն, խոսքը գնում է 2016թ. վիզաների ազատականացման համար համապատասխան գործողության ծրագրի իրականացմանը: Մենք սկզբում պետք է սկսենք այդ գործողության ծրագրի մշակումը, իրականացումը,  ինչը կհանգեցնի Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացին: Դա մենք այլ կերպ ասած անվանում ենք վիզայի երկխոսություն»,


Կարեն Նազարյանն առանձնակի կարևորեց անցած ամիս ԵՄ-ի կողմից ընդունված որոշումը, ըստ որի՝ հաստատվել է ՀՀ-ԵՄ համագործակցության նոր համաձայնագիր կնքելու մասին մանդատը:


Նա հակիրճ ներկայացրեց գործընթացը, ըստ որի՝ նոր իրավական փաստաթղթի շուրջ պետք է բանակցություններ սկսվեն, որը պետք է արտացոլի ինչպես ՀՀ-ԵՄ շրջանակներում  զարգացումները, այնպես էլ ապագայի համագործակցության ուղենիշները:

Ըստ Կարեն Նազարյանի՝ պաշտոնական բանակցություններն ակնկալվում է, որ կմեկնարկեն դեկտեմբերի ընթացում:


 

 

 

Հայաստանը գնում է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ճանապարհով. Կարեն Նազարյան