Հոլանդիան, հետևելով Բրիտանիային, դադարեցնում է դեպի Շարմ էլ Շեյխ թռիչքները

17:00 • 05.11.15

Նիդեռլանդները դադարեցնում է թռիչքները դեպի եգիպտական Շարմ էլ Շեյխ։ Այդ մասին հայտնել է երկրի անվտանգության և արդադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, գրում է gazeta.ru-ն։

 

Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus A321 ուղևորատար ինքնաթիռի ավիավթարի առնչությամբ, ինչպես նաև դեպի Շարմ էլ Շեյխ թռիչքները դադարեցնելու բրիտանական կառավարության խորհրդից հետո։

 

Դադարեցման մասին որոշումը կգործի մինչև առնվազն նոյեմբերի 8-ը, հայտարարել են հոլանդական իշխանությունները:

 

Նոյեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել էր, որ չի բացառում, որ Հյուսիսային Սինայում ռուսական ինքնաթիռի կործանման պատճառը լինի օդանավում պայթուցիկ սարքի առկայությունը:

 

Այդ առնչությամբ բրիտանական իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել բոլոր թռիչքները Մեծ Բրիտանիայից Շարմ էլ Շեյխի օդանավակայան, ինչպես նաև կոչ են արել իրենց քաղաքացիներին խուսափել Սինայի թերակղզի առանց անհրաժեշտության թռիչքներից։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանած ինքնաթիռը կործանվել էր Սինայի թերակղզում։ Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։

Հոլանդիան, հետևելով Բրիտանիային, դադարեցնում է դեպի Շարմ էլ Շեյխ թռիչքները