Կործանված A321-ի պարամետրային ինքնագրիչը վերծանվել է. «Ռոսավիացիա»

16:44 • 05.11.15

«Ռոսավիացիայի» ղեկավար Սերգեյ Ներադկոն հայտարարել է, որ Սինայի թերակղզում կործանված А321 ինքնաթիռի պարամետրային ինքնագրիչը վերծանվել է, ձայնային տեղեկություններ պարունակող ինքնագրիչը վնասվել է, սակայն այն հնարավոր կլինի վերծանել առաջիկայում. հաղորդում է ТАСС-ը։

 

«Ձայնային ինքնագրիչը, որը ձայնագրում է անձնակազմի անդամների խոսակցությունն օդաչուների խցիկում, որոշակիորեն վնասվել է, սակայն հնարավոր է վերծանել առաջիկայում»,-ասել է Ներադկոն։

 

Նա պատմել է, որ ինքնաթիռի մնացորդներից մոդելի ձևավորումը կտևի մի քանի ամիս։ Դաշտային աշխատանքներին զուգահեռ շարունակվում է հետաքննությունը։

 

«Երբ ստացվեն վերլուծության նյութերը, հետաքննող հանձնաժողովը պետությունների ներկայացուցիչների հետ կվերլուծի ավիացիոն գործունեության ողջ համակարգը։ Դա երկարատև աշխատանք է և կտևի մի քանի ամիս»,-հավելել է Ներադկոն։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը, որը պատկանում էր «Կոգալիմավիա» ավիաընկերությանը, կործանվել է Սինայի թերակղզում։ Դրանում եղած 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։
 

Կործանված A321-ի պարամետրային ինքնագրիչը վերծանվել է. «Ռոսավիացիա»