Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած Սարգիսը համագյուղացու հետ ՌԴ էր մեկնել վարկը փակելու համար

12:06 • 05.11.15

 

ՌԴ Տուլայի նահանգում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած Սարգսին, ում հարազատներն անհամբեր սպասում են, «Զվարթնոց» օդանավակայանից ուղիղ հիվանդանոց կտանեն։ Այս մասին Tert.am–ին հայտնեց վթարից տուժած Արարատի մարզի Սիս գյուղի 28-ամյա բնակիչ Սարգիս Առաքելյանի մայրը` Գալյա Առաքելյանը:

 

Առաքելյանների ընտանիքն անհամբեր սպասում է որդու վերադարձին. ժամը 20-ին նա Ռամենսկից հատուկ չվերթով ժամանող ուղևորների թվում կտեղափոխվի Հայաստան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանից կգնա ուղիղ հիվանդանոց:

 

«Տանելու են հիվանդանոց, տուն չի գալու, ինքը մինչև էսօր հիվանդանոցում է եղել, քիչ առաջ զանգահարեցին, ասեցին, որ իրան էլ են ցուցակագրել, որ բերեն Հայաստան ու միանգամից տանելու են հիվանդանոց»,– ասաց նա:

 

Տիկին Գալյայի որդին ստացել է գլխի շրջանում վնասվածքներ, սակայն ծանր հոգեբանական ապրումների մեջ է ընկերոջ և համագյուղացու` Ապրես Ասրյանի համար: Վերջինիս  ծանր վիճակում գտնվող ուղևորներից է:

 

«Խոսեցինք իր հետ, ասաց` չանհանգստանաք, ուղղակի իր ընկերը, որ տենց ծանր է, ինքը շատ մեծ սթրեսի մեջ է»,- փոխանցեց Սարգսի մայրը՝ ավելացնելով, որ իրենք որդու հետ կատարվածի մասին տեղեկացել են ռուս փրկարարի զանգից:


«Գիշերը ժամը 12-ին զանգեց, ասաց` արդեն շարժվեցինք, ասեցի` լավ է, որ արդեն շարժվեցիք, փա՛ռք Աստծո, բարով-խերով գան, հասնեն: Մեկ էլ առավոտյան ուրիշ` Ռուսաստանի համարից զանգ եկավ, որ սենց, սենց, դեպք է պատահել՝ ավտոբուսը շրջվել է: Դուք իբրև ծնող ի՞նչ զգացողություն կունենայիք»,-պատմեց տիկին Գալյան:
 

Նրա պատմելով` գիշերը տարօրինակ կանխազգացումներ է ունեցել. ամբողջ գիշեր սիրտը վատ է եղել, արյան  ճնշումն էլ մինչև 200 է հասած եղել: «Ասում էի` միգուցե նրանից է, որ էրեխեն գալիս է, լավ էր ամեն ինչ, էդ օրը 4 անգամ հետը խոսացել էի»,- վերհիշում է տիկին Գալյան:

 

Սարգիսն ու Ապրեսը Ռուսաստան` արտագնա աշխատանքի մեկնել էին մոտ երկու ամիս առաջ` միասին` շինարարական աշխատանքներ կատարելու: Ծնողները դեմ են եղել , որ Սարգիսը գնա, բայց որդին մի կողմից է պնդել, որ վարկեր ունեն, դրանք պետք է «փակվեն», մյուս կողմից սրտները հանգիստ է եղել, որ որդին Ռուսաստան է մեկնում տարիքով ավելի մեծ ու վստահելի ընկերոջ հետ:
 

«Ես էլ, հայրն էլ, դեմ էինք, բայց վարկ ուներ իրան փակվելու, շատը դրա համար էր նեղվում,  բանկի նամակ էր եկել, որ պտի վճարումներն անի, շատ ասաց` մամա գնամ, մամա; հնարավորություն չկա… երկուսին էլ գումար էր պետք, Ապրեսի տունը` կիասախարխուլ վիճակում … գնացին աշխատեն, բերեն, տղաս ` 28 տարեկան, ամուսնացած չէ, հազար ու մի հոգս…»,- պատմեց Սարգսի մայրը:


Նշենք, որ Ապրես Ասրյանի կինը` տեղեկանալով ամուսնու հետ կատարվածի ու վիճակի  մասին, նույն օրը մեկնել է Ռուսաստան`հարևանների կողմից հավաքված գումարով:
 

«Ապրեսի տղուն, երբ իր ծնողը ստեղ չի, վատ վիճակում է, մայրը ստեղ չէ, ամուսնու կողքին է, էս վիճակում «պավեստկա է» եկել` ամսի 15-ի համար»,- պատմեց Գալյա Առաքելյանը:

 

Սա համագյուղացիների առաջին արտագնա աշխատանքն էր: Տիկին Գալյան չգիտի` որդու 2 ամսյա աշխատանքի գումարը կա՞, գտնվել է, բայց ասաց, որ հիմա իրենց հետաքրքրում է միայն որդու առողջությունը`«մենակ հասնեն հարազատներին»:

 

Նշենք, որ Առաքելյանների ընտանիքը փախստականներ են Ադրբեջանից և Հայաստան էին եկել, ինչպես տիկին Գալյան ասաց`առանց շապիկի, բայց կարճ ընթացքում «որը պարտքով, որը` քրտինքով» Արարատի մարզում տուն էին գնել։

 

 

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած Սարգիսը համագյուղացու հետ ՌԴ էր մեկնել վարկը փակելու համար