Իրանը բացվում է, և հարաբերություններն իհարկե վերելք կապրեն. Շավարշ Քոչարյան
Արտաքին գործերի նախարարության մասով «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները ՀՀ բյուջետային հատկացումներում արտացոլվո՞ւմ են, և արդյո՞ք այնտեղ դիվանագետների ավելացում նախատեսվում է:
«Վստահ եմ, որ սուր առաջնահերթություն կդրվի եկող տարի այս հարցին»,-ասաց նա:
Նա նաև նկատեց, թե քանի որ, ըստ բյուջեի ներկայացման, նոր դեսպանություններ չեն բացվի, հարցրեց, թե չի՞ նախատեսվում պատվավոր հյուպատոսների ներկայացվածությամբ աշխարհագրությունն ընդլայնել:
Ի լրումն, պատգամավորը հարցրեց, թե ինչ է նախատեսվում այլ երկրների հետ մուտքի ռեժիմների թույլտվության հարցում, օրինակ ասիական երկրների, մասնավորապես՝ Չինաստանի, որի դեպքում տուրիստական հոսքերը կավելանան:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ Իրանը պատժամիջոցների վերացմանը զուգահեռ կարևոր գործընկեր է դառնում:
«Հիմա Իրանը բացվում է, որը 15 հարևան ունի, և մենք դրանից մեկն ենք դառնում: Իհարկե հարաբերությունները վերելք կապրեն, մանավանդ որ կարևոր ծրագրեր կային, այն էլ ռազմավարական, որոնք դանդաղում էին պատժամիջոցների պատճառով»,-ասաց նա:
Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ Պարսից ծոցի, Սև ծովի միջանցքի մասին է հայտարարվել, որտեղ ՀՀ-ն այդ միջանցքի մաս է կազմելու:
Փոխարտգործնախարարը նշեց, թե Իրանը այն երկրների շարքում չէ, որտեղ չունենք դեսպան:
«Եթե խնդիր լինի, ուշադրություն կդարձնենք»,-ասաց նա:
Նոր դեսպանատների հարցում նա ասաց, որ չեն նախատեսում, քանի որ դա լուրջ ծախսեր է պահանջում, իսկ հյուպատոսների հարցում պատրաստ են պատվո հյուպատոսություններ բացել, որոնք ի տարբերություն դեսպանատների, ծախսատար չեն, քանի որ պատվո հյուպատոսներն այն մարդիկ են, ովքեր իրենց ծախսերը կարող են հոգալ:
Ինչ վերաբերում է վիզաներին, ապա դա, ըստ նրա, երկկողմ հարց է:
«Օրինակ՝ Արգենտինայի հետ ունենք ազատ ռեժիմ, նույնը Բրազիլիան է, կապված է կոնկրետ երկրից, բացառությամբ այն երկրների հետ, որոնց հետ կարող են խնդիրներ առաջանալ»,-ասաց նա:
Սամվել Ֆարմանյանը հուշեց, թե ԵՄ-ի հետ միակողմանի ունեն: Շավարշ Քոչարյանը նկատեց, թե ընդունեց հարցադրումը:










