Charlie Hebdo երգիծաթերթը հրապարակել է Սինայում ռուսական ինքնաթիռի կործանման ծաղրանկարները (լուսանկար)

09:27 • 06.11.15

Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo երգիծաթերթն իր էջերում տեղադրել է 2 ծաղրանկար, որոնք կապված են Սինայի թերակղզում ռուսական A321 ինքնաթիռի կործանման հետ, գրում է Корреспондент-ը։

 

Ծաղրանկարներից առաջինում պատկերված է գլուխը ձեռքերով բռնած գրոհային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, ում վրա ինքնաթիռի բեկորներն են թափվում: Գրառման մեջ ասվում է` «Ռուսական ավիացիան ուժեղացնում է ռմբակոծությունները»։

 

Երկրորդ ծաղրանկարում պատկերված է արևային ակնոցներով գանգ` կործանված օդանավի ֆոնին։

 

«Ռուսական լոուքոսթերի վտանգները: Ես պետք է թռչեի Air Cocaine չվերթով». մեկնաբանությունն ուղղված է ֆրանսիական ինքնաթիռի հետ տեղի ունեցած սկանդալային միջադեպին, որում Դոմինիկյան Հանրապետությունում հայտնաբերվել էր ավելի քան 600 կգ կոկաին։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանած ինքնաթիռը կործանվել էր Սինայի թերակղզում։ Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։

 

Charlie Hebdo երգիծաթերթը հրապարակել է Սինայում ռուսական ինքնաթիռի կործանման ծաղրանկարները (լուսանկար)