Եգիպտոսը թույլ չի տվել Բրիտանիային տեղափոխել զբոսաշրջիկներին

17:42 • 06.11.15

Բրիտանական ավիափոխադրող EasyJet-ը դեռ չի կարող իրականացնել իր ուղևորների տարհանումը Շարմ էլ Շեյխից՝ Կահիրեի որոշման պատճառով: Այդ մասին հայտնել են ընկերությունից, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Երեկ EasyJet-ը հայտարարել էր Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռի կործանման ֆոնին Շարմ էլ Շեյխ ուղղությամբ կանոնավոր չվերթները դադարեցնելու պատճառով Եգիպտոսից տուն վերադառնալ չկարողացած զբոսաշրջիկներին տարհանելու որոշման մասին:

 

«Մենք ափսոսանքով տեղեկացնում ենք ուղևորներին, որ տարհանման մեր ծրագիրը, որի մասին հաղորդվել է նախօրեին, հետաձգվել է Եգիպտոսի իշխանությունների կողմից: Այժմ իրավիճակը քննարկվում է ամենաբարձր քաղաքական մակարդակում»,- ասված է հայտարարությունում:

 

Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ ավելի վաղ հայտարարել են դեպի Շարմ էլ Շեյխ բոլոր թռիչքների ժամանակավոր չեղարկման մասին:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանած ինքնաթիռը կործանվել էր Սինայի թերակղզում։ Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։

Եգիպտոսը թույլ չի տվել Բրիտանիային տեղափոխել զբոսաշրջիկներին