Արա Բուդաղյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է ՄԻԵԴ-ում. փաստաբան

13:24 • 06.11.15

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի մեջ մեղադրվող Արա Բուդաղյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՀՀ վերաքննիչ և վճռաբեկ դատարանները որոշումը թողել էին ուժի մեջ): Այս մասին տեղեկացրել է Արտակ և Արա Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը`  նոյեմբերի 6-ին հրավիրված ասուլիսում:


«Ամբողջ քրեական գործը կառուցված է ենթադրությունների վրա. փաստեր չկան: Եթե ուզում են, թող տասը տարի քննեն այդ գործը, վերջիվերջո, թող պարզեն իրականությունը, բայց մենք պարզապես պահանջում ենք, քանի դեռ քննվում է այս գործը իմ պաշտպանյալը չպետք է գտնվի կալանքի տակ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Հայկ Ալումյանը։


«Նախաքննության ընթացքում անձին կալանքի տակ պահելը չի կարող հիմնված լինել միայն այն բանի վրա, որ նա մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ: Նախաքննության ընթացքում անձին կալանավորման համար պետք է լուրջ հիմքեր լինեն, որ այդ անձը կարող է թաքնվել քննությունից կամ ճնշում, ազդեցություն գործադրել վկաների նկատմամբ»,-  հավելել է նա՝ նշելով, որ Հայաստանն արդեն մի քանի անգամ անհիմն կալանավորման գործերով պարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (Փիրուզյանի և Սեֆիլյանի գործերը):
 

Հայկ Ալումյանը նաև հերքել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Ազգային ժողովում արած այն հայտարարությունը, թե իր դեմ մահափորձի մեջ մեղադրվող անձինք արդեն խոստովանել են իրենց մեղքը: «Սա դիտավորյալ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Իր ասածը շատ հեռու է իրականությունից»,-եզրափակել է Ալումյանը:
 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը և Արա Էմիլի Բուդաղյանը, ով Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիքի ու վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է:
 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 29-ին բավարարել էր Արա Բուդաղյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը:

 

Արա Բուդաղյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է ՄԻԵԴ-ում. փաստաբան