Շարմ էլ Շեյխում գտնվող բրիտանական պատվիրակությունը քննարկում է զբոսաշրջիկների տարհանման հարցը
Մեծ Բրիտանիայից վեց փորձագետներից բաղկացած պատվիրակությունը, որն ավելի վաղ ժամանել էր Եգիպտոս՝ տեղի օդանավակայանում անվտանգության համակարգը ստուգելու համար, դեռ խորհրդակցություն է անցկացնում Շարմ էլ Շեյխից 7.000 բրիտանացի զբոսաշրջիկների տարհանման վերաբերյալ։ Այդ մասին Եգիպտոսի լրատվամիջոցներին հայտնի է դարձել անվտանգության մարմիններում աղբյուրներից, գրում է РИА Новости-ն։
Աղբյուրների խոսքերով՝ բրիտանական կողմը խիստ պահանջներ է ներկայացրել, որպեսզի զբոսաշրջիկները հանգստավայրից դուրս բերվեն առանց ուղեբեռի։ Բրիտանացի քաղաքացիների բոլոր անձնական իրերը կուղարկվեն առանձին չվերթով։
Նախօրեին Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Հուսամ Քամալը հայտնել է, որ հինգշաբթի օրը Շարմ էլ Շեյխ չի ժամանել զբոսաշրջիկներով 17 չվերթ Մեծ Բրիտանիայից և Մեծ Բրիտանիայում գրանցված ևս երկու ինքնաթիռ՝ այլ եվրոպական պետություններից։ Ռուսական A321 ինքնաթիռի աղետից հետո Մեծ Բրիտանիան և ևս մի շարք եվրոպական երկրներ դադարեցրել են ուղիղ ավիահաղորդակցությունը Եգիպտոսի այդ հանգստավայրի հետ՝ վախենալով իրենց քաղաքացիների անվտանգության համար։
Հիշեցնենք, որ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին վթարի էր ենթարկվել Սինայի թերակղզում: Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։










