ԵԽԽՎ մեր գործընկերներն իրենց կեցվածքով որոշակի պատասխանատվություն են ստանձնում սահմաններում թափվող արյան համար. Կ. Բեքարյան
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Կարեն Բեքարյանը Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական դիվանագիտության ձախողումը չէր ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ընդունված և լիագումար նիստ տեղափոխված՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցի ընդունումը, ասաց, որ ձախողում, հաղթանակ կատեգորիաներից աշխատում է զերծ մնալ:
«Կա գործընթաց կամ գործընթացի հանգրվան. ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի քննարկումների արդյունքում կհասկանանք՝ ինչ է պետք։ Հետևաբար, այդ կատեգորիաներով պետք չէ գնահատական տալ քաղաքական գործընթացներին»,-ասաց Կարեն Բեքարյանը՝ նշելով, թե ինչ վերաբերում է զեկույցին, ապա, իհարկե՛, դրա հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ:
Պատգամավորն առանձնացրեց այն, որ եվրոպական գործընկերներն այս պարագայում պետք է գան հստակ գիտակցման և ընկալման, որ այսպիսի կեցվածքով իրենք ստանձնում են որոշակի պատասխանատվություն սահմաններում թափվող արյան համար:
«Ավելի կարճ ճանապարհով Ադրբեջանին տալ ինչ-որ «դրական» հնարավորություններ իր կեցվածքի արդարացման կամ ավելի ծայրահեղ դառնալու՝ չկա: Այդպիսով նրանք խրախուսում են այն գործողությունները, որ նա կատարում է ընդհանրապես և մասնավորապես սահմանում»,-ասաց նա:
Կարեն Բեքարյանն այն կարծիքին է, որ գոնե ժամանակի ընթացքում այդ միտքը պետք է այնքան ընկալելի դառնա, որ ամեն մի քվեարկող այդ պատկերն իր աչքի առջև ունենա:
«Մյուս կողմից՝ նման իրավիճակների կանխարգելման կամ աշխատանքներ ծավալելու համար, որպեսզի արդյունքը չբերի այսպիսի իրավիճակի, բոլոր ինստիտուտները՝ քաղհասարակությունը, մեդիան, կուսակցությունները, խորհրդարանը, ամեն մեկն իր անելիքներն ունի:Մենք պետք է տեսնենք, հասկանանք որ այն գործիքակազմը, որ նա օգտագործում է և ինչ-ինչ հարցերում արդյունք է բերում, պետք է ունենանք այդ գործիքակազմի դիմաց աշխատելու մեր գործողությունների ծրագիրը»,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:










