A321 ինքնաթիռում ահաբեկչության վարկածը կստուգեն լաբորատոր փորձաքննությունների միջոցով. Коммерсантъ

09:57 • 09.11.15

Լուսանկարը՝ Reuters-ի

 

Եգիպտոսում ռուսական Airbus А321 ինքնաթիռի կործանման պատճառը հնարավոր չի եղել պարզել բեկորների նախնական զննությամբ, ինչպես նաև ինքնագրիչների նախնական վերծանման արդյունքում։


Այդ մասին գրում է «Коммерсантъ» թերթը՝ ինքնաթիռի կործանման հանգամանքների քննությանը մոտ կանգնած աղբյուրի վկայակոչելով։

 

Նրա խոսքով՝ ահաբեկչության վարկածը կստուգեն հատուկ փորձաքննության միջոցով:

 

Թերթի աղբյուրը նշել է, որ լաբորատորիա կուղարկվեն աղմուկի ձայնագրությունները, ինքնաթիռի բեկորներն ու նաև մարդկանց մարմինների մնացորդները։

 

Բացի այդ, կհետազոտվեն պայթուցիկ նյութերի մնացորդները կտորների ու մետաղի վրա։

 

Աղբյուրը հիշեցրել է, որ ՌԴ Քննչական կոմիտեն երկու քրեական գործ է հարուցել՝ 263-րդ հոդվածի համաձայն՝  «Օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտում», և 238-րդ հոդվածի երրորդ մասով՝ «Ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին»։

 

Նա նշել է, որ ներկայում բացակայում են հիմքերը ՌԴ Քրեական օրենսգրքի 205 հոդվածով («ահաբեկչություն») գործ հարուցելու համար։

 

Հիշեցնենք, որ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին վթարի էր ենթարկվել Սինայի թերակղզում: Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։  

 

A321 ինքնաթիռում ահաբեկչության վարկածը կստուգեն լաբորատոր փորձաքննությունների միջոցով. Коммерсантъ