Ռուսաստանը մարտահրավեր է նետում միջազգային անվտանգությանը. Գուիդո Հիլդեր
«ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. Նոր նպատակներ և հեռանկարներ» թեմայով քննարկմանը «ՆԱՏՕ-ում Գերմանիայի պատվիրակության քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Գուիդո Հիլդերը հայտարարեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար կարևոր գործընկեր է, քանի որ գտնվում է աշխարհաքաղաքական տեսանկյունից կարևոր մի տարածաշրջանում։
«Մենք ապրում ենք դրամատիկ միջավայրում։ ՆԱՏՕ-ն շրջապատված է ճգնաժամերի մի ամբողջ բազմությամբ։ ՆԱՏՕ-ի արևելքում Ռուսաստանը մարտահրավեր է նետում միջազգային անվտանգությանը՝ բռնակցելով Ղրիմը և մուտք գործելով Արևելք։ Հարավային մասում՝ Սիրիայում և Իրաքում արյունալի հակամարտություններ են ձևավորված ու դրանք խարխլում են անվտանգությունը բազմաթիվ երկրների»,- ասաց նա։
Ըստ Գուիդո Հիլդերի՝ Միջերկրածովյան տարածաշրջանում էլ Լիբիան է, որը գտնվում է փլուզման եզրին։ «Սա ՆԱՏՕ-ի անմիջական հարևանությամբ է կատարվում։ Այս հակամարտությունները չեն ավարտվում ՆԱՏՕ-ի սահմաններում, հարյուր հազարավոր փախստականներ մուտք են գործում Եվրոպա ու սա վտանգում է ահաբեկիչների մուտքը Եվրոպա»,-ավելացրեց նա։
Գուիդո Հիլդերն ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, որի մեջ ներառված է նաև Հայաստանը, առավել կարևոր է, քան նախկինում։
«Ստեղծվել են անվտանգության նոր մարտահրավերներ՝ միջազգային ահաբեկչություն, կիբերանվտանգություն, զենքերի տարածքում, մարդկանց թրաֆիքինգ, էներգետիկ անվտանգություն, կլիմայի փոփոխություն։ Գլոբալացված աշխարհում անվտանգության մարտահրավերները նույնպես գլոբալացված են ու ոչ մի պետություն չի կարող մենակ հաղթահարել։ ՆԱՏՕ-ն ևս համագործակցության կարիք ունի»,-ասաց նա։
ՆԱՏՕ պաշտոնյան նշեց, թե ուրախ է, որ Հայաստանն այս հարթակի անդամ է։ «Գործընկերությունները ՆԱՏՕ-ի համար առավել կարևոր է դարձել, սա Բրյուսելի տեսլականն է»։










