Մոսկվայում կանգնեցվել է դեպի Երևան անօրինական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուս
ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական հաստատությունն ու Տրանսպորտի ոլորտում վերահսկողություն իրականացնող ծառայության մայրաքաղաքային վարչությունը հայտնաբերել են Մոսկվա-Երևան անօրինական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուս, հաղորդում է gazeta.ru-ն։
«Այժմ «Վագտրանս» ընկերությանը պատկանող ավտոբուսը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: Ընկերությանը մինչև 150.000 ռուբլի տուգանք է սպառնում»,-ասված է պետական հաստատության հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը հաղորդում է, որ «Վագտրանսը» ներառված չէ միջազգային ավտոբուսային երթուղիներ իրականացնողների ռեեստրում:
Դա նշանակում է, որ ուղևորափոխադրողն իրավունք չի ունեցել աշխատել Ռուսաստանում, սակայն շարունակում է ապօրինի ուղևորներ տեղափոխել Մոսկվա-Երևան ուղղությամբ:
«Փոխադրումների կազմակերպիչը» քաղաքացիներին զգուշացնում է, որ բոլոր ավտոբուսային ընկերությունները, որոնք ուղևորափոխադրումներ են իրականացնում դեպի Երևան, անօրինական են։ Օգտվելով նման ծառայություններից՝ ուղևորները վտանգում են իրենց կյանքը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը վթարի էր ենթարկվել ՌԴ Տուլայի մարզում։ Վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, ավելի քան 40 մարդ վիրավորվել։










