Չինաստանում օդի աղտոտվածության մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի. բնակիչները վրդովված են
Չինաստանի որոշ շրջաններում օդի աղտոտվածության մակարդակը 56 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված նորման, գրում է The Guardian-ը։
Ինչպես նշում է թերթը, կիրակի օրը սմոգի պատճառով Չինաստանի հյուսիս-արևելյան մասի բնակիչները ստիպված են եղել գտնվել շինություններում և անգամ հակագազեր օգտագործել։
Լյաոնին նահանգում օդում առկա PM2.5 փոշու մասնիկների ռեկորդային մակարդակ է գրանցվել, որոնք կարող են օնկոլոգիական և սրտային հիվանդությունների պատճառ դառնալ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ցրտերի հետևանքով չինացիները սկսել են տները տաքացնելու համար մեծ քանակությամբ ածուխ այրել։
Օդի աղտոտվածության մակարդակը նաև օգտատերերի դժգոհությունն է առաջացրել, որոնք սկսել են քննադատական գրառումներ կատարել սոցցանցերում։
«Կառավարությունը գիտի խնդրի մասին, սակայն ինչո՞ւ չի լուծում»,- ասել է բնակիչներից մեկը։
Նշվում է, որ այսօր իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է։










