Arrcade Fusion 15. Լատվիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զանգվածային զորավարժությունները
Լատվիայում նոյեմբերի 9-ից մեկնարկում են երկրի ազգային զինված ուժերի և ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համատեղ զորավարժությունները՝ Arrcade Fusion 15-ը, որին մասնակցելու է ավելի քան 500 օտարերկրացի զինծառայող։
Այդ մասին հաղորդում է ТАСС-ը՝ Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդս Բերգմանիսին հղումով։
«Այդ զորավարժություններին զինվորականներից բացի մասնակցելու են նաև կառավարությունը, խորհրդարանը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայությունները: Զորավարժությունների ընթացքում մենք պետք է որոշենք, թե որքան արագ է հնարավոր Լատվիայում ՆԱՏՕ-ի ուժերի շտաբ տեղակայել։ Նման կարևոր զորավարժություններ մենք դեռ չենք ունեցել»,-ասել է նախարարը:
Նշվում է, որ արագ արձագանքման շտաբը պետք է լուծի հումանիտար ճգնաժամի պայմաններում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման հարցը։
Շտաբը պետք է գտնվի Լիելվարդեում գտնվող ավիաբազայում: Լիտվայում կտեղակայվեն լոգիստիկայի ու մատակարարման ստորաբաժանումները, անձնակազմի ոչ մեծ մասը պետք է գտնվի Էստոնիայում:
Զորավարժությունները շարունակվելու են մինչև նոյեմբերի 17-ը: Դրանց մասնակցելու է ավելի քան 1000 մարդ։










