Ռուս սկանդալային արվեստագետը հրկիզել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շենքի մուտքի դուռը (տեսանյութ)
Սկանդալային արվեստագետ Պյոտր Պավլենսկին հրապարակել է Մոսկվայի կենտրոնում գտնվող ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շենքի մուտքի դուռը հրկիզելու տեսանյութը, գրում է korrespondent.net-ը։
Կադրերում երևում է, թե ինչպես է Պավլենսկին կանգնած շենքի մուտքի առաջ, իսկ նրա հետևում բոցավառվում է մուտքի դուռը։
Դեպքի վայրում է եղել նաև Дождь հեռուստաալիքի լրագրողը։ Նա պատմել է, որ գիշերը՝ մոսկովյան ժամանակով ժամը 2.00-ի սահմաններում, Պավլենսկին դյուրավառ հեղուկ է լցրել դռան վրա և այրել։ Ոստիկանությունը բերման է ենթարկել ինչպես արվեստագետին, այնպես էլ հեռուստաալիքի լրագրողին։
Լրագրողին հարցաքննելուց հետո բաց են թողել։
Պավլենսկու կնոջ խոսքով՝ դա եղել է «պլանավորված փերֆորմանս»։ «Տեղի ունեցավ ԱԴԾ-ի դռան այրման ակցիա, դրանում էր ողջ իմաստը»,- ասել է նա։
Պավլենսկին առավել հայտնի էր դարձել 2013 թվականին Կարմիր հրապարակում ակցիայից հետո։ Նա իր սեռական օրգանը գամել էր գետնին՝ այդկերպ բողոքելով «ոստիկանական պետության» դեմ։










