Սիրիա կարող են ուղարկվել ԱՄՆ-ի զինվորականների նոր խմբեր. Պենտագոն
ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարթերի խոսքով` Սիրիայում կարող են տեղակայվել ամերիկյան լրացուցիչ ռազմական ստորաբաժանումներ։ Որպես պայման նշվել է մերձարևելյան երկրում լրացուցիչ ուժերի առկայությունը, որոնք կարող են լինել ԱՄՆ-ի գործընկերներն «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում, փոխանցում է Deutsche Welle-ն:
Քարթերի հայտարարությունը հնչել է մոտ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հայտարարեց մոտ 50 հատուկջոկատայինների Սիրիա ուղարկելու մասին, որոնք պետք է աջակցեն ԻՊ-ի դեմ պայքարող «չափավոր» ընդդիմադիր խմբերին։
Քարթերը նշել է, որ ամերիկյան ստորաբաժանումների տեղակայումը նախատեսված է ընդդիմության ջոկատներին ուսուցանելու և նրանց գործողությունները համակարգելու համար:
«Դա ամբողջական ռազմավարության օրինակ է։ Մենք պետք է պայքարենք ԻՊ-ի դեմ, և մենք կպայքարենք»,- ընդգծել է Պենտագոնի ղեկավարը։










