Եվրոպայի ապագան կախված է փախստականների հանդեպ Գերմանիայի դիրքորոշումից. Եվրախորհրդի նախագահ
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կողմ է արտահայտվել նրան, որ Գերմանիան ղեկավարող դեր ստանձնի Եվրոպայում փախստականների շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու հարցում, փոխանցում է Корреспондент-ը։
«Եվրոպայի ապագան մեծավմասամբ կախված է փախստականների շուրջ ստեղծված ճգնաժամի հանդեպ Գերմանիայի դիրքորոշումից»,- նշել է նա:
Տուսկի կարծիքով` Բեռլինի ղեկավարող դերը պետք է, նախևառաջ, արտահայտվի 3 խնդիրների իրագործման մեջ` ԵՄ-ի արտաքին սահմանների անվտանգության ապահովում, ծայրահեղական պոպուլիզմի դեմ պայքար և արևմտյան միասնության ամրապնդում։
Տուսկն ընդգծել է, որ Գերմանիան պետք է առանց պատմական բարդույթների հոգ տանի ԵՄ-ի արտաքին սահմանների մասին: Նրանց անվտանգությունից անմիջական կախվածություն ունի ներքին բաց սահմանների գոյությունը:
ԵԽ նախագահի խոսքով` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հասկացել է, որ համերաշխություն` նշանակում է զոհաբերել սեփական շահերի մի մասը` հանուն Եվրոպայի ընդհանուր բարօրության, կամ այն մարդկանց համար, ովքեր հայտնվել են դժբախտության մեջ:
«Կպահպանվի՞ Եվրոպան որպես ազատության, օրենքի գերակայության, անհատների հանդեպ հարգանքի և իր քաղաքացիների համար անվտանգ մայրցամաք, մեծ մասամբ կախված է գերմանացիներից: Սակայն նաև մյուս 27 տարբեր ազգերից»,- նշել է Տուսկը։










