ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը ԼՂ խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. դեսպան

18:57 • 10.11.15

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի իր դիվանագիտական առաքելությունն իրականացնում է արդեն ինն ամիս և այս ամիսների ընթացքում կարողացել է ծանոթանալ Հայաստանին՝ լսելով հայ պաշտոնյաններին, ահել ու ջահել մարդկանց, որոնց հանդիպել է երկրի տարբեր մասերում։

 

Հայ-ամերիկյան առևտրարդյունաբերական պալատի առջև այսօր ունեցած ելույթի ընթացքում ասաց դեսպանը՝ նշելով, որ հենց այս ժամանակահատվածում է նախանշել իր աշխատանքի գերակայությունները Հայաստանում։

 

«Այս ինն ամիսների ընթացքում ես հենց տեղում տեսել եմ այն մեծ քայլերը, որ արել է Հայաստանն անկախացումից ի վեր։ 1990–ականների սկզբի համեմատ շատ նշանակալիորեն փոխվել է կյանքի որակը։ Հայաստանն ունի կայուն կառավարություն, որը ձգտում է բարելավել ծառայությունների մատուցումը, ակտիվ քաղաքացիական հասարակություն, կիրթ աշխատուժ, աշխարհով մեկ պատվիրատուներ ունեցող կենսունակ ՏՏ ոլորտ և ծաղկում ապրող գյուղատնտեսություն։ Ուրախ եմ նաև նկատել, որ վերջին քսան տարիների ընթացքում մեր երկրների միջև սերտ կապերը շարունակում են վերելք ապրել»,- ասաց նա։

 

Այնուհետև դեսպանն անդրադարձավ 1991թ-ից հետո լուծում չստացած խնդիրներին, մասնավորապես ԼՂ չլուծված հակամարտությանը և հայ-թուրքական սահմանի փակ լինելու հարցին։

 

«ԱՄՆ-ի կառավարությունը կշարունակի ջանքերը պաշտոնական և ժողովրդական դիվանագիտության ոլորտներում՝ այս խնդիրների լուծման ուղղությամբ տեղաշարժեր ապահովելու նպատակով։ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ԱՄՆ-ի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում խաղաղ բանակցային կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու իր հանձնառությանը»,– ասաց նա։

 

«Ինչ վերաբերում է Թուրքիային, մենք երկու կողմերին հորդորում ենք հաշտեցման ու հարաբերութունների կարգավորման ջանքերի համար բաց մնալ, քանի որ դա կնպաստի կայունությանն ու բարեկեցությանը տարածաշրջանում և օգուտներ կբերի երկրներին»,-ավելացրեց ԱՄՆ դեսպանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ գործարարներ են սպասում սահմանի բացմանը։


 


 

ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը ԼՂ խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. դեսպան