ԱՄՆ դեսպանատունը չի կարող պարտադրել ամերիկյան ձեռնարկություններին ներդրում անել ՀՀ–ում. Ռիչարդ Միլս

20:04 • 10.11.15

Հայ-ամերիկյան առևտրարդյունաբերական պալատի առջև ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը ներկայացրեց այն չորս ուղղությունները, որոնք ինքը նախանշել է որպես դեսպանության գործունեության գերակայություններ իր՝ ՀՀ-ում պաշտոնավարելու ժամանակահատվածի համար։

 

Դրանցից առաջինը՝ գործարար ու առևտրային հարաբերությունների խորացումն է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև։ Դեսպանը, սակայն, հստակեցրեց, որ չի խոսում օժանդակության նոր ծրագրերի մասին, այլ նկատի ունի առևտուրը՝ համատեղ առևտրային կապերի ամրապնդումը, որը երկուստեք օգտակար կլինի տնտեսությունների համար


«Հիմնական ուղղություններից մեկը, որ մենք դիտարկում ենք բիզնես կապերի ընդլայնման ուղիները դիտարկելիս, ԱՄՆ ուղղակի ներդրումները ավելացնելու հեռանկարն է: Մենք հպարտ ենք, որ Միացյալ Նահանգները Հայաստանում խոշորագույն ուղղակի ներդրումներ ունեցողներից մեկն է: ԱՄՆ ներդրումները շեշտակի ավելացան «Կոնտուր Գլոբալ»–ի կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերմամբ. 250 միլիոն ԱՄՆ դոլարի գործարք, որով Հայաստան մուտք գործեց ԱՄՆ էներգետիկ ոլորտի առավել նորարարական ընկերություններից մեկը՝ իր փորձով ու կառավարման տեխնիկայով: Ուզում եմ շեշտել, որ «Կոնտուր Գլոբալ»–ն այս ներդրումը կատարեց, ստացավ Հայաստանի կառավարության աջակցությունը, քանի որ կոմերցիոն առումով կային լավ հիմնավորումներ»,-ասաց նա:

 

Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը չի կարող պարտադրել ամերիկյան ձեռնարկություններին ներդրում կատարել Հայաստանում, Հայաստանն է, որ պետք է գրավիչ լինի ներդրողների համար, ինչպես եղավ «Կոնտուր Գլոբալ»–ի դեպքում:

 

«Ընդհանուր առմամբ, ընկերությունները ներդրում են կատարում այնտեղ, որտեղ կա կանխատեսելիություն ու թափանցիկություն բոլոր հարցերում՝ հարկային ու մաքսային ընթացակարգերից մինչև դատական վարույթներ: Ուստի, ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում այն միջոցներն են, որոնք կօգնեն ձևավորել այնպիսի գործարար միջավայր, որտեղ կարող են արդարացի մրցակցել բոլոր ընկերությունները, լինի հայկական, ամերիկյան, ռուսական, թե այլ ընկերություն՝ այսպիսով մեծացնելով ներդրողների վստահությունը»,- ասաց նա:

 

Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսական աճին ուղղված աջակցությամբ շեշտադրում են մարզային զարգացման հարցը:

 

«Օրինակ՝ ԱՄՆ կառավարությունը ավելի քան քսան տարի ակտիվորեն աջակցում է գյուղատնտեսության զարգացմանը: Այս ոլորտը, որտեղ ներգրավված է Հայաստանի աշխատուժի 40 տոկոսը և որն ապահովում է ՀՆԱ-ի 20 տոկոսը, կենսական նշանակություն ունի ՀՀ տնտեսության ընդհանուր աճի ու կենսունակության համար: Գյուղատնտեսության աջակցության մեր ծրագրերով, որոնք ներկայումս իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից, շուրջ 12 միլիոն ԱՄՆ դոլար է ուղղված գյուղատնտեսության մրցունակության մեծացմանը և գյուղական համայնքների տնտեսական աճին»,- ասաց նա:

 

Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Համաշխարհային բանկն իր զեկույցներից մեկում Հայաստանին համարել է ամենամոնոպոլիզացված երկիրը հետխորհրդային երկրների ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում, դեսպանը համաձայնեց մտահոգության հետ։

 

«Թեևս դա նաև պայմանավորված է նրանով, որ հայ-թուրքական սահմանը փակ է, սահմանը փակ լինելով նաև տնտեսության համար շուկան է փակ։ Տնտեսական ուժի այս չարաշահման հարցը, շուկան ՓՄՁ-ի համար բաց պահելու հարցը լինելու է մեր աշխատանքների կիզակետում»,-վստահեցրեց դեսպանը։

 


 

ԱՄՆ դեսպանատունը չի կարող պարտադրել ամերիկյան ձեռնարկություններին ներդրում անել ՀՀ–ում. Ռիչարդ Միլս