Օբաման ու Էրդողանը պայմանավորվել են ուժեղացնել ճնշումն ԻՊ-ի վրա. Սպիտակ տուն
ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են ուժեղացնել ճնշումն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա և քննարկել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղիները, գրում է РИА Новости-ն` Սպիտակ տանը հղումով:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առանձնազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։
«Առաջնորդները քննարկել են իրավիճակը Սիրիայում, սիրիական չափավոր ընդդիմության ուժերի ամրապնդման և ԻՊ-ի վրա ճնշումների ուժեղացման կարևորությունը։ Նրանք քննարկել են նաև հակամարտության՝ բանակցությունների ճանապարհով լուծման հասնելու պայմանների ստեղծման ուղիները, ներառյալ` քաղաքական անցումը Սիրիայում»,- հայտնել են Սպիտակ տանը:
Օբաման թուրք առաջնորդների հետ քննարկել է նաև «Մեծ քսանյակի» գագաթաժողովը, որը կայանալու է Անթալիայում և որին նա մտադիր է մասնակցել։










