Մարոկկոյում ծեծի են ենթարկել մարմնավաճառի դեր խաղացած դերասանուհուն (լուսանկար)
Մարոկկացի դերասանուհի Լուբնա Աբիդարը, ով նկարահանվել է մուսուլմանական համայնքում մարմնավաճառների մասին «Շատ սիրվածը» ֆիլմում, ստիպված է եղել Ֆրանսիա փախչել։ Պատճառը նրան ծեծի ենթարկելն է եղել, գրում է The Guardian-ը։
Իր ֆեյսբուքյան էջում դերասանուհին տեղադրել է լուսանկարներ, որտեղ երևում են նրա կապտուկները։
Դերասանուհին պարզաբանել է, որ անհայտ անձինք Կասաբլանկա քաղաքի փողոցում դանակով հարձակվել են իր վրա և սպառնացել սպանել։ Տուժածը վստահ է, որ միջադեպը կապված է ֆիլմում իր դերի հետ։ Նա նշել է, որ ոստիկանական բաժանմունքում, ուր նա դիմել է, իր վրա ծիծաղել են։
«Շատ սիրվածը» ֆիլմը Մարոկկոյում արգելել են 2015-ի մայիսին։ Երկրի իշխանությունները հայտնել են, որ ֆիլմը խարխլում է մարոկկացի կանանց բարոյական արժեքները և «թքում է թագավորության երեսին»։ Ե՛վ դերասանուհուն, և՛ ֆիլմի ռեժիսորին դատարան են կանչել՝ այլասերություն տարածելու և պոռնոգրաֆիա արտադրելու մեղադրանքներով։ Հետագայում մեղադրանքները հանվել են։
Ֆիլմը պատմում է Մարաքեշում մարմնավաճառների կյանքի մասին։ Այն Կաննի կինոփառատոնում հատուկ մրցանակի է արժանացել։











