Եգիպտոսը հավանություն է տվել ՀԴԲ-ի մասնակցությանը ռուսական A321 ինքնաթիռի աղետի հետաքննությանը
Եգիպտոսը հավանություն է տվել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի և այլ փորձագետների մասնակցությանը ռուսական A321 ինքնաթիռի աղետի հետաքննությանը։ Այդ մասին հայտնել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին, փոխանցում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` եգիպտական կողմն «ամերիկացիներից ստացել է հետաքննությանը մասնակցելու առաջարկ և անհապաղ այն հաստատել է»։
Երկուշաբթի ՀԴԲ-ն հաստատել է ինքնաթիռի հետաքննությանն աջակցելու պատրաստակամությունը: Սակայն Reuters գործակալությունը հայտնել էր, որ այդ ժամանակ առաջարկը չէր ընդունվել կողմերից ոչ մեկի կողմից։
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավը, որում եղել էր 224 մարդ, կործանվել է հոկտեմբերի 31-ին` օդ բարձրանալուց 23 րոպե անց: Ըստ արևմտյան երկրների՝ մեծ է ահաբեկչության իրականացման վարկածի հավանականությունը։










