Ադրբեջանի ամենահայտնի քաղբանտարկյալներից Արիֆ Յունուսը ստորագրությամբ ազատ է արձակվել

17:08 • 12.11.15

Ադրբեջանի վերաքննիչ դատարանն այսօրվա նիստում կալանքից ազատել է երկրի ամենահայտնի քաղբանտարկյալներից Արիֆ Յունուսին։ Նրա խափանման միջոցը փոխարինվել է երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ, գրում է contact.az-ը։

 

Դատարանի որոշումը պայմանավորված է եղել Արդարադատության նախարարության բժշկական գլխավոր վարչությունից ուղարկված նամակով, որում նշվում է, որ Յունուսի առողջական վիճակը վատթարացել է։

 

Արդարադատության նախարարությունը հիշատակել է նաև գերմանացի բժիշկ Վիտտի եզրակացությունը, որն արդեն երկար ժամանակ հետևում է Յունուս ամուսինների առողջական վիճակին:

 

Արիֆ Յունուսը դատարանում հայտարարել է, որ նոյեմբերի 6-ից հացադուլ է հայտարարել և դեղեր չի ընդունում: Իր բողոքը նա պատճառաբանել է կնոջը՝ Լեյլա Յունուսին, բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։

 

«Ես չեմ լռելու, ես պայքարելու եմ, մինչև ազատ արձակվի Լեյլան»,-ազատ արձակվելուց հետո հայտարարել է Արիֆ Յունուսը:

 

Նա հաստատել է, որ կնոջը ճնշումների ու խոշտանգումների են ենթարկում, և հենց դա է իր հացադուլի պատճառը։

 

«Անգամ եթե Լեյլային հիմա ազատ արձակեն, նրա առողջությունն այնքան է վատացել, որ վերականգնելու համար առնվազն 3 տարի կպահանջվի»,-ասել է նա։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին նրանք դատապարտվել են համապատասխանաբար 8,5 և 7 տարվա ազատազրկման։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որի հետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով։