Կոմունիստները խնդրել են Պուտինին արգելել թռիչքները դեպի Թուրքիա և Թունիս
Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունից Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով դեպի Եգիպտոս թռիչքների արգելքից հետո ժամանակավորապես դադարեցնել նաև Թուրքիայի և Թունիսի հետ ավիահաղորդակցությունը, գրում է lenta.ru-ն։
Կոմունիստների կարծիքով՝ թռիչքները դեպի Թուրքիա և Թունիս կարող են վտանգավոր լինել այնտեղ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետ կապված ահաբեկիչների ներկայության պատճառով։
Ինչպես նշել են պատգամավորները, դեպի Եգիպտոս թռիչքների դադարեցման մասին որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus 321 ինքնաթիռի կործանման հիմնական վարկածներից մեկն ահաբեկչությունն է։
«Ոչ ամբողջական տարվա ընթացքում Թուրքիայում յոթ ահաբեկչություն է տեղի ունեցել: Թունիսում հունիսին Սուս քաղաքում հարձակում է իրականացվել երկու ծովափնյա հյուրանոցի վրա»,- հիշեցրել են պատգամավորները։










